ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովի նիստում ասել է, թե «Հայաստանն ուզում է ուժեղանալ, ամրապնդել իր սահմանները, հզոր պետություն դառնալ, Հայաստանի քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են դրան»։
Նա նշել է, որ, իրենց կարծիքով, իրենց գործընկերները, Հայաստանի շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների՝ մի մասն ուղղակի ծառայում է պայմանագրային հարաբերությունների արդյունքում, մի մասը չգիակցելով՝ իր ընկերներին լսելով, հայտնում է Panorama.am-ը։
«Տարիներ հետ գնանք ու տեսնենք, որ Հայաստանի նախկին իշխանությունները շատ վատ էին վարվում այն մարդկանց հետ, որոնք կապեր ունեին այլ երկրների հետ։ Նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում էին։ Ձեզ ասում եմ, եթե ձեր չափը չճանաչեք, խանգարեք Հայաստանի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն:
Դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք։ Որպես Հայաստանի քաղաքացի, որն ունի ընտանիք, զավակներ, թոռներ, ամեն ինչ անելու եմ Հայաստանը լինի հզոր, ուժեղ, մնացած հորինվածքները, որոնք հորինում եք՝ սահմանները, հողերը տվեցին, դրանք նրա համար են, որպեսզի շատ լավ կարողանաք հասարակությանը գցել մոլորության մեջ»,- ասել է Սուքիասյանը։
Նա նաև նշել է, որ ցուցարարները «ամենավատ վնասը տվել են Ղարաբաղի քույրերին, եղբարներին, երբ նրանց հրավիրել եք միտինգին»։
«Նրանք Հայաստանի այն քաղաքացիների, գործարարների ջանքերի ու հարկերի շնորհիվ են կարողանում համապատասխան նպաստը ստանալ, բնակարանները, տները, որոնք ապագայում կունենան, մինչև այսօր, որոնք ֆինանսական ոչ մի խնդիր չունեն։ Շատ մեծ վատություն եք անում»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։
Նա նաև անդրադարձել է 44–օրյա պատերազմին։
«Որպես Հայաստանի քաղաքացի, որն ամեն ինչից տեղեկացված է, նշեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որպեսզի մեր զինվորներին սպանեն։ Ինչո՞ւ։ Որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր, մարդիկ...Ես այնտեղ եմ եղել, դուք էլ գիտեք, որ սեպտեմբերի 29-ին եղել եմ այնտեղ, Ղարաբաղի նախագահի համապատասխան բունկեր էր կոչվում։ Այնտեղ եղած ժամանակ տեսել եմ Սամվել Բաբայանին, որ այդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին։ Ես ոչ մի բան ինձանից չեմ հորինում»,–ասել է նա։
Ընդդիմադիր պատգամավորները տեղից սկսել են հակադարձել ՔՊ-ականին, նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պահանջել է լռություն պահպանել դահլիճում։
«Ես ասում եմ՝ արդեն չափ կա։ Ընդդիմություն եք, պետք է այդ իրավունքներն ունենաք, բայց չափ կա։ Սա պետություն է, կարո՞ղ է գիտեք ինչ-որ տեղից բերել եք, ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք։ Լավ, մի րոպե, լռեք, արդեն...Ես ձեզ զգուշացում եմ ու զգուշացում եմ որպես Հայաստանի քաղաքացի։ Ուզում եմ իմ երկրում մարդիկ հանգիստ ապրեն, Հայաստանն ուժեղանա, իր հարևանների հետ ունենա բարիդրացիական հարաբերություններ, հզոր բանակ, բայց ոչ մեկի հետ չկռվի»,–ասել է Սուքիասյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ ուղերձ էր հղել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Նա հանդիպումներ է ունենում տարբեր քաղուժերի հետ՝ խորհրդակցելով վարչապետին անվստահություն հայտնելու հարցի շուրջ, որի համար իմպիչմենտ առաջարկող ուժը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Շատերը կարծում են, որ ամենահարմար թեկնածուն անցումային շրջանի համար կարող է լինել Բագրատ սրբազանը։ Հայտնի է, որ նա ունի նաև Կանադայի քաղաքացիություն, որից պատրաստ է հրաժարվել։