12 մայիսի 2009 - 15:44 AMT
Պարոն Բրայզայի հայտարարություններին լուրջ վերաբերվել չի կարելի
«Պարոն Բրայզայի հայտարարություններին լուրջ վերաբերվել չի կարելի, այդ մարդն այսօր մի բան է ասում, վաղը մեկ ուրիշ բան: Բանակցություններ վարող կողմերը վաղուց ուշադրություն չեն դարձնում նրա վրա», - PanARMENINA.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը : Նրա խոսքերով, ԱՄՆ-ը պետք է լրջորեն մտածի ԵԱՀԿ ՄԽ-ի Միացյալ Նահանգները ներկայացնող համանախագահին «առավել մտածող» դիվանագետով փոխարինելու մասին: «Ես ավելի քան վստահ եմ, որ Մեթյու Բրայզան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ, խճճվել է իր իսկ ասելիքի մեջ եւ, ընդհանրապես, իր կարծիքն է հայտնել: Սակայն դա Պետքարտուղարության եւ Հիլարի Քլինթոնի խնդիրն է, ովքեր ուշադրություն չեն դարձնում այն բանի վրա, թե ինչ է ասում ԱՄՆ-ը ներկայացնող միջնորդը», - ասել է Աթանեսյանը:

Նա նաեւ նշել է, որ իր տվյալներով, բանակցություններում խոսք չի գնում ԼՂՀ կարգավիճակի կամ «տարածքների վերադարձման» մասին: «Քաղաքական կառուցվածքը, որի մասին ասել է Բրայզան, դա նրա իսկ կողմից հորինված, բանակցային գործընթացում իրերի իսկական դրության հետ ոչ մի կապ չունեցող կառուցվածք է», - ընդգծել է հանձնաժողովի նախագահը: Ինչ վերաբերում է Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը, ապա, Աթանեսյանի կարծիքով, դա նշանակում է, որ բանակցությունները շարունակվում են, սակայն կողմերը համաձայնության դեռ չեն եկել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում չի ասել այն մասին, որ «Ղարաբաղն ու մերձակա տարածքները» կվերադարձվեն Ադրբեջանին: «Ես ասել եմ, որ համաձայն Մինսկի խմբի առաջարկությունների, մերձակա տարածքները քայլ առ քայլ փախստականների հետ միասին կվերադարձվեն Ադրբեջանին, իսկ Ղարաբաղի ապագան այժմ բանակցությունների առարկա է հանդիսանում: Դա կլինի նոր, այսպես ասած, քաղաքական կառուցվածք», - ասել է նա: