25 մայիսի 2024 - 14:03 AMT
ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա

ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների.

Հաշվի առնելով շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններ՝ հայտնում ենք.

- ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով:

- Հետևաբար ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ համաձայն նշյալ համաձայնագրի՝ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո, իսկ եթե վիզայի տրամադրումն իրականացվում է արտաքին ծառայություն մատուցողի հետ (վիզա կենտրոններ), ապա տվյալ ծառայության վճարը չպետք է գերազանցի 30 եվրոն։