31 մայիսի 2024 - 11:03 AMT
Մայիսի 31-ին՝ մասամբ, հունիսի 1-ին ամբողջությամբ Հրապարակը փակ կլինի մեքենաների համար

Մայիսի 31-ին՝ ժամը 20:30-ից, մինչև հունիսի 1-ը՝ ժամը 18:00-ն, Հանրապետության հրապարակը մեքենաների համար մասամբ փակ կլինի, իսկ հունիսի 1-ին` ժամը 18:00-24:00-ն, կփակվի ամբողջությամբ։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարաանի նախաձեռնությամբ տարվա լավագուն մանկական ներկայացումը՝ «Փայլոու»-ն նոր մատուցմամբ կներկայացվի բացօթյա՝ Հանրապետության հրապարակում, լուսաձայնային ու երաժշտական նոր լուծումներով: Սկիզբը 20:00-ին է։

Ներկայացման համար Երևան է բերվել հատուկ տեխնիկա:

Դրանով պայմանավորված՝ մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 24:00-ն կփակվի Ամիրյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա ուղղությունը:

Հանրապետության հրապարակ հասած տրանսպորտային հոսքերը ճանապարհը կարող են շարունակել միայն աջ դարձով՝ դեպի Վազգեն Սարգսյան փողոց: Հետադարձ ուղղությամբ՝ Վազգեն Սարգսյան փողոցից Հանրապետության հրապարակ մտնող հոսքերի համար երթևեկության սահմանափակում չի լինի: Հունիսի 1-ին՝ ժամը 18:00-ից մինչև 24:00-ն, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը կփակվեն ամբողջությամբ:

Այդ ժամանակահատվածում Ամիրյան փողոցով անցնող ավտոբուսային հ. 22, 44, 54, 58, 97 և միկրոավտոբուսային հ.75 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Գր. Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով.

Ավտոբուսային հ. 33, 67 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Ամիրյան, Զաքյան, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով: