Հայաստանում ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է մաքսային մարմին այցելելու ընթացակարգի փոփոխություն: Այդ մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
Նա հայտնել է, որ ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա, հայտնում է Արմենպրեսը։
«Առհասարակ ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին ֆիզիկապես այցելելու կարիք չեն ունենա: Այլևս անհրաժեշտություն չի առաջանա մաքսային մարմին այցելելու, կստանա էլեկտրոնային ծանուցում և դրան կպատասխանի, կամ կճշգրտի հայտարարագիրը, կամ չի համաձայնի, կամ բողոքարկում կնախաձեռնի էլեկտրոնային հարթակի միջոցով: Այսինքն՝ մաքսային մարմին և հարկ վճարող տնտեսավարող ֆիզիկական կապը առհասարակ կարող ենք բացառել՝ չհաշված վարորդներին»,-ասել է ՊԵԿ նախագահը: