«Զվարթնոց» օդանավակայանում 41 օր հացադուլ արած հետաքննող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտնել է, որ արդեն Փարիզում է ու շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում աջակցել են իրեն։
Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել, գրում է Panorama.am-ը։
Նիկոլյանը հայտնել է, որ էլեկտրասրտագրություն է անցել, պետք է սկսի սնվել, սակայն առայժմ միայն հեղուկներով։
«Իմ պայքարը լեգիտիմ է և շարունակելու եմ այն մինչև իմ կյանքի վերջին օրը, մինչև մահը։ Լավանամ, սնվեն, առողջանամ, որ պայքարես շարունակեմ ձեզ հետ, թեկուզ մենակ»,- ասել է նա։
Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Ի նշան բողոքի՝ Լեո Նիկոլյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով պարզաբանել, թե ինչ հիմքով է արգելվում իրեն մուտք գործել հայրենիք: