12 մայիսի 2009 - 21:21 AMT
Իրանը շահագրգռված է հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբին: Ողջունելով խմբի անդամներին` Արման Կիրակոսյանը նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Նախարարի տեղակալը դրական գնահատեց ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Իրան եւ ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը` նշելով, որ խմբերի փոխայցելությունները աշխուժություն եւ նոր լիցք են հաղորդում միջխորհրդարանական կապերին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` խմբի ղեկավար Արսալան Ֆաթհիփուրն ընդգծեց, որ Իրանը շահագրգիռ է հարեւան եւ բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ այցի նպատակն է խթանել մի շարք բնագավառներում երկկողմ համագործակցությունը:
Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրներին:
Պատգամավորական խմբի կազմում էին նաեւ Մեջլիսի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանն ու Գեւորգ Վարդանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: