12 մայիսի 2009 - 22:25 AMT
Իտալիայի դեսպանությունն առաջատար հայ սամբիստներին մերժել է անցագրերի հարցում
Իտալիայի դեսպանությունն առաջատար հայ սամբիստներին մերժել է իր երկիր անցագրեր տրամադրելու հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը` նշելով, որ չնայած այդպիսի լուրջ կորստին, Հայաստանի սամբոյի հավաքականը մայիսի 13-ի առավոտյան մեկնելու է Միլան, որտեղ մայիսի 14-18 կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

«Մենք տարակուսանքի մեջ ենք: Իտալիայի դեսպանատունը առանց որեւէ պատճառի մերժել է մուտքի արտոնագրեր տրամադրել մեր մարզիկնեին: Նրանք մեդալի իրական հավակնորդներ էին: Մերժումը ստացել ենք երեկ եւ անմիջապես դիմել ենք ՀՀ սպորտի նախարարություն: Այսօր այդ «թյուրիմացությունը» փորձում էր հանգուցալուծել ՀՀ սպորտի ու երիտասարդության գործերի նախարար Արմեն Գրիգորյանը: Սակայն այդպես էլ չհաջողվեց կապվել Հայաստանում Իտալիայի դեսպան Լավեցցո Կասինելիի հետ»,-ասել է Հայրապետյանը:

Մուտքի արտոնագրեր չեն ստացել աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (74 կգ ք/կ), 2007թ. աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Վաչիկ Վարդանյանը (68 կգ ք/կ), 2007թ. աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մրցանակակիրներ Ժաննա Վարդանյանը (48 կգ ք/կ) եւ Լեւոն Պապոյանը (82 կգ ք/կ), ինչպես նաեւ ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Խոջոյանը:

Հայաստանը Միլանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կներկայացնեն`

Վահան Վարդանյանը-57 կգ ք/կ (2007 աշխարհի առաջնության մրցանակակիր)
Վահան Հովհաննիսյան-62 կգ ք/կ (ՀՀ առաջնություն-2009)
Դավիթ Խաչատրյան-68 կգ ք/կ (ՀՀ առաջնություն-2009)
Արմեն Իսպիրյան-90 կգ ք/կ (ՀՀ առաջնություն-2009)
Արսեն Խաչատրյան-100 կգ ք/կ (ՀՀ առաջնություն-2009)
Արսեն Գրիգորյան-ք/կ+100 կգ

Սամբիստների հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ սամոբյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը: Եվրոպայի առաջնությունում հավաքականի ներկայացուցիչը կլինի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի մրցանակակիր, 1999թ. աշխարհի չեմպիոն եւ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեւիկ Կարապետյանը: Միլան կմեկնի նաեւ միջազգային կարգի մրցավար Էդուարդ Ասլանյանը: