12 հունիսի 2024 - 17:16 AMT
Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։

«Հիքմեթ Հաջիևն արդյունավետ քննարկում է ունեցել գործընկերների հետ ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության ներկա վիճակի և ապագա հեռանկարների, տարածաշրջանային կապի և էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի կարևոր դերի, COP29-ի նախապատրաստական գործընթացի, կլիմայի և կանաչ համերաշխության օրակարգի, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ու խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 11–ին Գերմանիա այցի շրջանակում իր գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի սահմանադրությունից` ասելով, թե պահպանվող տարածքային պահանջներն Ադրբեջանի հանդեպ խոչընդոտ են խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։