13 մայիսի 2009 - 13:52 AMT
Վուկ Յերեմիչն Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է Բելգրադ
Ս.թ. մայիսի 12-ին Մադրիդում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 119-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը : Մադրիդում տեղի են ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանդիպումները Սլովենիայից, Լիտվայից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից, Հունգարիայից եւ Սերբիայից իր գործընկերների հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների, բարձրաստիճան այցերի կազմակերպման հետ կապված հարցեր:

Նախարարներն անդրադարձան նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնմանը: Էդվարդ Նալբանդյանն իր սերբ գործընկերոջը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները:

Վուկ Յերեմիչը, շնորհակալություն հայտնելով Կոսովոյի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշման համար, ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարանում Կոսովոյի հարցի դատաքննության ընթացքը եւ սերբական կողմի ակնկալիքները: Վուկ Յերեմիչը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Բելգրադ: