2023–ի նոյեմբերին Ամստերդամի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնի՝ IDFA–ի «Լավագույն ֆիլմ» ճանաչված և FIPRESCI-ի մրցանակին արժանացած Շողակաթ Վարդանյանի «1489»–ի երևանյան պրեմիերան տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։
Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկը՝«1489»–ի արժանացել է նաև Տրիեստի կինոփառատոնի «Լավագույն վավերագրություն» մրցանակին և ցուցադրվել ու պարգևատրվել բազմաթիվ այլ կինոփառատոներում, հայտնում է «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունը։
Հեղինակը վավերագրում է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր որոնումները։ IDFA-ի ժյուրին այսպես է բնորոշել այս վավերագրությունը. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն»։
«Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: