Երևան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորությամբ։ Այդ մասին X-ի իր սոցցանցում հայտնել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանութունը։
Ուիքերն ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի՝ հայտնի նաև որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով, ավագ անդամ է, Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի հանրապետական բարձրաստիճան անդամ։
Նրան ուղեկցում են Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը (հանրապետական, Հվ․ Կարոլինա նահանգ, 2-րդ օկրուգ)․ համանախագահ, սենատոր Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ նահանգ), որը նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, սենատոր Ջոն Քորնին (հանրապետական, Տեխաս նահանգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը (հանրապետական, Ալաբամա), ներկայացուցիչների պալատի անդամ Ռիչարդ Հադսոնը (հանրապետական, Հս․ Կարոլինա), ներկայացուցիչների պալատի անդամ Թրենթ Քելին (հանրապետական, Միսիսիպի նահանգ) և ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հերիսը (հանրապետական, Մերիլենդ)։