Bloomberg–ը, անդրադառնալով ՀՀ և Ֆրասիայի ռազմական համագործակցությանը, գրել է, որ Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունը Հայաստանին անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։
Նշվում է, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինման վրա՝ զենք գնելով Թուրքիայից, Իսրայելից և ՌԴ–ից։
«Ադրբեջանը սրում է առճակատումը Ֆրանսիայի հետ վերջինիս անդրօվկիանոսյան տարածքներում՝ Հայաստանին ֆրանսիական զենքի մատակարարման պատճառով։
Առճակատումը, հավանաբար, կսրվի, քանի որ Ֆրանսիան, որտեղ ապրում է աշխարհում թվով երրորդ ամենամեծ հայկական համայնքը, նոր համաձայնագիր է կնքել Երևանին սպառազինության մատակարարման վերաբերյալ։ Ակնկալվում է, որ Փարիզը կշարունակի ռազմական աջակցությունը Հայաստանին անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, որոնք նշանակվել են նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։
Անշուշտ, Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինման վրա, որոնք մատակարարել են Թուրքիան, Իսրայելը և Ռուսաստանը»,–ասվում է հոդվածում։
Նշվում է, որ հենց այդ սպառազինության շնորհիվ Ադրբեջանը կարողացավ առավելության հասնել հայերի հանդեպ Լեռնային Ղարաբաղում 2020–ին և 2023–ին։
Նշվում է նաև, որ երկու երկրները փորձում են խաղաղության պայմանագիր կնքել՝ վերջ դնելու համար բազմամյա հակամարտությանը, և աշխատում են սահմանի սահմանազատման վրա։
Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։