Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը՝ մարզերի լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման հնարավորությունը ապահովելու նպատակով:
2024 և 2025 թթ. ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ-ում գործող լողավազաններից 9-ում՝ այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում։
Նշված լողավազանները համապատասխանում են առողջապահության նախարարության հրամանով հաստատված լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սանիտարահամաճարակային կանոններին և նորմերին:
Յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը:
1-ին և 2-րդ խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կիրականացվի ուսումնական տարվա ընթացքում:
Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների լողալ սովորելը, նրանց շրջանում առողջ ապրելակերպի խթանումը, ինչպես նաև լող մարզաձևի զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում նրանց ներգրավելը:
Մարզիչ-մանկավարժների պարապմունքները կհսկվեն տվյալ կազմակերպության ղեկավարության կողմից: Խմբերի հետ աշխատող մարզիչ-մանկավարժների կողմից ուսումնամարզական գործընթացը թերի կազմակերպելու դեպքում նրանց կփոխարինեն տվյալ կազմակերպության այլ մարզիչ-մանկավարժները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ շահառուների ընդհանուր թիվը մոտ 200 է:
Երեխաների ընտրությունը կկատարվի բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում ապրող դպրոցականները:
«Դիմումների ընտրությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, շահառուների ընտրությունը կիրականացվի ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, նրանցից կձևավորվի սպասման խումբ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ 1 աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար: