Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է բոլորին ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ: Նա նշել է, որ Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք:
«Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը: Այս տեսանկյունից, ինչպես 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության, այնպես էլ 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները Հայաստանի ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին:
Մեր Սահմանադրությունն անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում բազում խոչընդոտներ, փոփոխություններ ու նաև ոտնձգություններ է հաղթահարել և հենց այստեղ է կայանում նաև Սահմանադրության էությունը, որովհետև այն նորմերի կամ սահմանումների, ձևակերպումների և հայտարարությունների համահավաք փաստաթուղթ չէ, այլ պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերությունների ներդաշնակության և համակեցության գրված ու չգրված կանոնները երաշխավորող Մայր օրենք:
Միևնույն ժամանակ Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք, որը հավասարակշռում է իշխանության թևերի, երկրում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ զարգացումների, հասարակական և քաղաքական անցուդարձի՝ ինչպես ընդունված է ասել, սահմանադրական հունի մեջ մնալը:
Այս առումով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, և մասնավորապես պետական պաշտոնյաներն իրենց գործունեության մեջ պետք է ելակետ ունենան հենց սահմանադրականության գաղափարը, որը հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, որպես ուղեցույց՝ մեր իղձերի ու երազանքների Հայաստանը կերտելու ճանապարհին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության կարևորագույն տոնի կապակցությամբ, մաղթում տոկունություն և ամրություն, Հայաստանի Հանրապետությանը զարգացում, հզորություն և բարգավաճում»,–ասվում է ուղերձում:
1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, և այդ օրն էլ նշվում է որպես պետական տոն: Սահմանադրության վերջին փոփոխությունը կատարվել է 2015-ին, որով ՀՀ–ն անցել է խորհրդարանական կառավարման: 2024–ի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին նոր սահմանադրություն է պետք։
Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: