5 հուլիսի 2024 - 13:50 AMT
ԱՄՆ կոնգրեսականները Վայոց ձորում դիտարկել են իրավիճակը ՀՀ-Ադրբեջան սահմանին

Հայաստան այցի շրջանակում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր, որտեղ հանդիպել է Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին և դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ Այդ մասին հայտնել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։

Պատվիրակությունը կազմված է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորությամբ։

Սենատորներն այցելել են նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր, եղել Նորավանքում, Ջերմուկում։

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը ողջունել է սենատոր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Ջերմուկի ջրվեժ այցի ժամանակ:

Նշվել է, որ մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է։

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: