5 հուլիսի 2024 - 16:16 AMT
Աբխազիան բողոք է հայտնել Վրաստանում Միրզոյանի հայտարարությունների վերաբերյալ

Աբխազիայի ԱԳ նախարարությունը բողոք է հայտնել Վրաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների վերաբերյալ՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին։

Միրզոյանն այդ մասին հայտարարել է հուլիսի 3–ին Թբիլիսիում՝ Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։

«Անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է Աբխազիայի Հանրապետության 1994 թվականի Սահմանադրությամբ և հաստատված է 1999 թվականի Աբխազիայի Հանրապետության պետական անկախության մասին ակտով, որն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։ Հայկական կողմին կոչ ենք անում չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին ծեծված արտահայտությունները, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ–ը։

Աբխազիայի ԱԳՆ–ն նշել է նաև «հայկական կողմի դիրքորոշման լուրջ փոփոխությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ հօգուտ Վրաստանի ներկայացրած Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի մասին» բանաձևի»։

Աբխազիայի ԱԳՆ–ն հույս է հայտնել, որ «Հայաստանի ղեկավարությունն առաջիկայում ճիշտ հետևություններ կանի և կփոխի իր դիրքորոշումն այս հարցում»։

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում առաջին անգամ կողմ է քվեարկել Վրաստանի ներկայացրած «Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի մասին» բանաձևին։