8 հուլիսի 2024 - 12:02 AMT
Լուազո․ ԼՂ Շուշիում Օրբանի մասնակցությունը ԹՊԿ գագաթնաժողովին սկանդալ է Եվրոպայի համար

Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն, անդրադառնալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությանը հայաթափված Շուշիում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, դա անվանել է խայտառակություն Հունգարիայի և սկանդալ Եվրոպայի համար։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում խայտառակություն է Հունգարիայի համար և սկանդալ Եվրոպայի համար։

Արդյո՞ք Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը»,– գրել է նա։

ԵՄ արտաքին քաղաքականության գծող ղեկավար Ժոզեպ Բորելն իր հերթին հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում, Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու մանդատ չի ստացել։

Հուլիսի 5-6-ին հայաթափված Շուշիում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հունգարիայի ղեկավարները, Թուրքիայի փոխնախագահը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել էր իր այցը Շուշի՝ մեկնելով Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը Բեռլինում՝ սատարելու ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին, որի շուրջ սկանդալ է բորբոքվել, երբ նա ցուցադրել է թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։

Հանդիպմանը մասնակցել է նաև այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի» ղեկավար Էրսին Թաթարը։

Ընթերցեք նաև․ Բորել. Օրբանը Շուշիում Թյուրքական պետությունների գագաթնաժողովին մասնակցելու մանդատ չի ստացել