8 հուլիսի 2024 - 18:59 AMT
Պապոյանն ԱՄԷ-ի պաշտոնյաներին առաջարկել է գործակցել Շիրակի մարզում «չոր նավահանգստի» նախագծի շուրջ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։ Ներկայացնելով Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ համագործակցելու հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները, արտահանման խթանմանը, որակի ստանդարտացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, նախատեսվում է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։

Չոր նավահանգիստը ներքին տերմինալ է, որն ավտոմոբիլային կամ երկաթուղային անմիջական հաղորդակցություն ունի ծովային նավահանգստի հետ։ Այն կատարում է ծովային բեռները ներքին ուղղություններով տեղափոխելու բաշխման կետի գործառույթներ։ Չոր նավահանգիստները նաև կարող են բռների պահեստներ ունենալ և ապրանքների մաքսային ձևակերպում իրականացնել։