Հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժօգնության և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները կտեղափոխվեն դատապարտյալների հիվանդանոց` բուժական քրեակատարողական հիմնարկ, որտեղ վերջիններս կպահվեն միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված խցային պայմաններում: Գործադիրը լրացումներ և փոփոխություն է առաջարկել Քրեակատարողական օրենսգրքում:
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ներկայացնելով նախագաիծը ԱԺ արտահերթ նստաշրջանում, ասել է, որ պահման պայմանների առանձնահատկությունները սահմանվելու են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:
Քրեակատարողական ծառայությունն ապահովելու է բուժական քրեակատարողական հիմնարկում պատիժների կատարման կարգն ու պայմանները, իսկ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելու է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Օրենսգրքում կսահմանվի լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալի ռիսկերի եւ կարիքների գնահատման կարգն ու պայմանները:
Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: