15 հուլիսի 2024 - 14:03 AMT
Աբրահամյան․ Այսօր որևէ մեկը չի հիշում, որ ՀՀ-ն ևս բաց ճանապարհներ պետք է ստանար

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ ժամանակին, երբ ակտիվ շրջանառության մեջ դրվեց կոմունիկացիաների ապաշրջափակման թեման, դա ներառում էր տարածաշրջանային բոլոր ճանապարհների բացում, սակայն այսօր, կարծես որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս, արտաքին աշխարհ, բաց ճանապարհներ պետք է ստանար:

«Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերով և պաշտոնական Երևանի պարտվողական/զիջողական քաղաքականության հետևանքով, ներկայումս թեման միջազգային օրակարգում ամրագրում է ստացել «զանգեզուրյան միջանցքի» համատեքստում:

Բացի նրանից, որ թուրանական քաղաքական գծի կրողներն ամեն գնով փորձում են ճանապարհը միջանցքի վերածել, այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս, արտաքին աշխարհ, բաց ճանապարհներ պետք է ստանար»,–ասվում է գրառման մեջ։

2024–ի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Հայաստանի հետ սահմանը որևէ այլ վայրում չի բացվի։