17 հուլիսի 2024 - 14:27 AMT
ՌԴ-ի կողմից հետախուզվող քաղաքացին ՀՀ-ում ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել

Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող Իվան Չ.-ն, որը հուլիսի 16-ին Հայաստան տեղափոխվելուց հետո ձերբակալվել էր, հուլիսի 16–ին ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անի Չատինյանը։

«Այս պահին շատ տեղեկություններ հայտնի չեն, քանի որ երեկ, մինչ մեր փաստաբանը կհասներ Իվանի մոտ, նա ազատ է արձակվել և հեռացել։ Այժմ փորձում ենք կապ հաստատել նրա հետ և մանրամասներ ճշտել»,– նշել է Չատինյանը, գրում է Factor.am-ը։

Իվան Չ.-ն 2023 թվականի ապրիլից հետախուզվում էր Նիժնի Նովգորոդի մարզի իրավապահների կողմից։ Տեղական լրատվականները հայտնել էին, որ տղամարդը զորամասից փախել է 2022 թվականի գարնանը։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ նա Ղազախստանի Ակտաու քաղաքից ժամանելուց հետո բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանում։ Դատարանը ռուսաստանցուն կալանքի տակ է վերցրել։

Հուլիսի 13-ին Հայաստանում ձերբակալվել էր Ռուսաստանի իրավապահ մարմիների կողմից հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Նատալյա Տ.-ն: Նատալյա Տ.-ն, ըստ ՀՀ ՆԳՆ-ի, հուլիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով: Ռուս ուսուցչուհուն մի քանի ժամ բաժնում պահելուց հետո ազատ են արձակել՝ Հայաստանից չհեռանալու պահանջով, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։

Meduza-ն գրել է, որ Նատալյա Տ.-ն 65 տարեկան է, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ըստ աղբյուրի քրեական հետապնդման պատճառ է դարձել այն, որ ուսուցչուհին «Բարության դաս» դասաժամի ընթացքում դպրոցականներին պատմել է Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին։