Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են․ անհրաժեշտ է համոզված լինել, որ Հայաստանի ինստիտուտները համապատասխանում են քաղաքացիների պահանջներին։ Նա այդ մասին ասել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շնորհանդեսի ընթացքում։
«Մարդու իրավունքները բոլորի մասին են, մարդու իրավունքները գործընկերության մասին են։ Դա պետք է լինի մի գործընթաց, որը միավորում է մեզ», - բացման խոսքում ասել է Մարագոսը, հայտնում է Արմենպրեսը։
Նա նշել է, որ Եվրոպական միությունն աջակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը ոչ միայն ամբողջ աշխարհում և շատ այլ գործընկեր երկրներում, այլև այդ ոլորտը գտնվում է Հայաստանի և ԵՄ-ի գործընկերության կենտրոնում։
«Հայաստանը շատ ձեռքբերումների է հասել այս ոլորտներում, սակայն դա չի նշանակում, որ աշխատանքն ավարտված է։ Ահա թե ինչու ենք մենք շարունակում աշխատել միասին», - շեշտել է Մարագոսը՝ հավելելով, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի բոլոր համապատասխան ինստիտուտները և մասնագիտական շրջանակները ներգրավված լինեն այս գործընթացում։
Նա ընդգծել է, որ այդ համատեղ աշխատանքների նպատակն է Հայաստանի հետ կիսել այն փորձառությունը, որն ունի ԵՄ-ն՝ օգնելու և աջակցելու համար բոլոր այն բարեփոխումներին, որոնք իրականացվում են ՀՀ համապատասխան ինստիտուտների կողմից։
ԵՄ պատվիրակության ղեկավարն այս համատեքստում կարևորել է նաև քաղաքացիական հասարակության մասնակցությունը։
«Եվ ուզում եմ ողջունել նաև Փաստաբանների պալատի ներկայացուցչի ներկայությունը։ Կցանկանայի նշել իրավաբանների մասնակցությունը, քանի որ նրանք շատ մեծ դերակատարություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության գործում, հանդիսանում են նաև կարևոր դերակատարներ հասարակության և պետական ինստիտուտների միջև», - ասել է Մարագոսը։
Նա ներկաներին տեղեկացրել է, որ մեկնարկող նախագիծը կտևի երեք տարի և հույս հայտնել, որ ժամանակի ընթացքում առաջ կբերի կայուն արդյունքների մի շատ հստակ շարք:
«Ես ուզում եմ ընդգծել Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը կատարում է իր բազմաթիվ պարտավորությունները, որոնք սահմանված են Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Ուզում եմ հատկապես ընդգծել Հայաստանի հավատարմությունը Մահապատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին, այս ոլորտում ստանձնած պարտավորություններին և Հռոմի կանոնադրության վավերացմանը, որը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, և մենք ակտիվորեն աշխատում ենք դրա իրականացման վրա», - շեշտել է Մարագոսն։
Նա ընդգծել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններն այժմ էլ ավելի են զարգանալու և խորանալու նոր գործընկերության օրակարգի հիման վրա։