Իտալիայի Պուլիայի շրջանի Բարի քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության նոր պատվավոր հյուպատոսությունը, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական կապերի ամրապնդմանը:
Նորաբաց հյուպատոսության գրասենյակը, որը կգտնվի Բարիի Corso Vittorio Emanuele 30 հասցեում, հանգրվան կհանդիսանա Հայաստանի քաղաքացիների և նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել համագործակցությունը Պուլիայի և Հայաստանի միջև:
«Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը կլինի Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության և գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կոնտակտային անձը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Դարիո Ռուպեն Թիմուրյանը ծնվել է 1974 թվականին, ավարտել է Բարիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, շինարարության և կահույքի ոլորտում ձեռնարկատեր է։ Նրա ընտանիքը ժամանել է Բարի 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո և անմիջապես մուտք գործել քաղաքի և տարածաշրջանի սոցիալական և ձեռնարկատիրական կյանք: