ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան հաստատել է, որ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի, հայտնում է «Հետքը»։
«Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային գործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը։
Խոսելով հուլիսի 15-ին Հայաստանում մեկնարկած «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան երկրորդ զորավարժությունների մասին՝ Զեյան ընդգծել է, որ այն նախապես պլանավորված զորավարժություն է՝ միտված կանոնավոր ուսուցումների իրականացմանը, պատրաստականության և փոխգործելիության մեծացմանը և խաղաղապահ գործողություններին։
Նա հավելել է, որ այս ջանքերն առաջնորդում է ամերիկյան կողմը՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջոցով, և ինքը, լինելով պետքարտուղարության ներկայացուցիչ, մանրամասնությունների ներկայացումը ես կցանկանար վերապահել պաշտպանության դեպարտամենտի իր գործընկերներին։
«Սակայն, ես ուզում եմ նշել, որ պաշտպանական և քաղաքացիական անվտանգության ասպարեզներում տեսնում ենք մեր երկարամյա դրական համագործակցության խորացում։ Նշեմ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը։
Իսկ պետքարտուղարության մասով, իմ ղեկավարության ներքո է գործում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն, որը Հայաստանի կառավարության և ժողովրդի հիմնական գործընկերն է ոստիկանության կարողությունների զարգացման և ամրապնդման ասպարեզում և աջակցում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության մեծացման հարցերում»,–ասել է նա։
Հուլիսի 15-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» (Eagle Partner 2024), հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։