18 հուլիսի 2024 - 12:36 AMT
Զեյա․ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական գործակցության համար

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան ասել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական գործակցության համար, հայտնում է «Հետքը»։

«ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։

Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը»,–ասել է նա։

Խոսելով հուլիսի 15-ին Հայաստանում մեկնարկած «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան երկրորդ զորավարժությունների մասին՝ Զեյան ընդգծել է, որ այն նախապես պլանավորված զորավարժություն է՝ միտված կանոնավոր ուսուցումների իրականացմանը, պատրաստականության և փոխգործելիության մեծացմանը և խաղաղապահ գործողություններին։

Հուլիսի 15-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» (Eagle Partner 2024), հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Ընթերցեք նաև․ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հաստատել է