20 հուլիսի 2024 - 11:28 AMT
Le Figaro. Բաքուն ԼՂ-ում մշակութային ջարդ է անում` վերափոխվում են եկեղեցիները, ավերվում գերեզմանոցները

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro օրաթերթն անդրադարձել է հայկական մշակութային և պատմական կոթողների անմխիթար վիճակին Լեռնային Ղարաբաղում՝ նշելով, որ Բաքուն ԼՂ-ում մշակութային ջարդ է իրականացնում, և ԼՂ հազարամյա ժառանգությունը վտանգված է։

Հոդվածում անդրադարաձ կա «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի» հրապարակած զեկույցին, որտեղ արբանյակային պատկերների հիման վրա մանրամասն ներկայացվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ԼՂ տարածքներում իրականացվող «մշակութային ջարդը», երբ վերափոխվում և քանդվում են եկեղեցիները, հանվում են խաչերը, ավերվում են գերեզմանոցները։ Նշվում է, որ ժառանգության ոչնչացման ձևերից մեկն էլ եկեղեցիների վերածումն է մզկիթների։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը, որը անտիկ ժամանակներից ի վեր գրեթե մշտապես բնակեցված է եղել հայերով, Խորհրդային Միության փլուզումից հետո վիճելի տարածք է համարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որտեղ մոտ 500 մշակութային վայր կա, որտեղ հայկական ժառանգության մոտ 6000 կոթող կա։

Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ ամբողջ տարածքն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ և որ Բաքուն մերժում է օտարերկրյա դիտորդների մուտքը մշակութային վայրեր՝ չնայած Հայաստանի և միջազգային կառույցների բազմաթիվ խնդրանքներին։

Բերվում է նաև Նախիջևանի օրինակը, որտեղ Ադրբեջանը 1997թ․ մինչև 2011թ․ ոչնչացրել է «այդ պատմական հայկական շրջանի միջնադարյան հայկական եկեղեցիների, վանքերի և գերեզմանոցների մոտ 98%–ը»։

Հոդվածում մեջբերվում են պատմաբան Պատրիկ Դոնապետյանի խոսքերը՝ «կատարվում է հայկական ժառանգության սիստեմատիկ և տոտալ ոչնչացում»։ Նշվում է, որ Նախիջևանում ոչնչացվել է 89 եկեղեցի, 5840 խաչքար և 22,000 հայկական տապանաքար, իսկ 1500 տարվա պատմություն ոււնեցող Ջուղայի գերեզմանոցում ոչնչացվել են գրեթե բոլոր՝ մոտ 10,000 խաչքարերը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։