20 հուլիսի 2024 - 13:44 AMT
Թրամփն ու Զելենսկին քննարկել են պատերազմն Ուկրաինայում․ Թրամփն ասել է, որ պատրաստ է «խաղաղություն բերել աշխարհին»

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը հուլիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա հայտարարել է, որ պատրաստ է վերջ դնել պատերազմին և «խաղաղություն բերել աշխարհին»։

«Որպես ԱՄՆ հաջորդ նախագահ՝ ես խաղաղություն կբերեմ աշխարհին և վերջ կտամ պատերազմին, որը խլել է այդքան կյանքեր և ավերել անթիվ անմեղ ընտանիքներ: Ուկարինայի հակամարտության կողմերն էլ կարող են հավաքվել և բանակցել համաձայնագրի շուրջ, որը վերջ կդնի բռնությանը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում»,-ասել է Թրամփը, գրում է ՏԱՍՍ–ը։

Զելենսկին X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Թրամփին հանրապետականների կողմից առաջադրվելու կապակցությամբ և դատապարտել է Փենսիլվանիայում նրա դեմ տեղի ունեցած մահափորձը։

«Պայմանավորվեցինք Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել, թե որ քայլերը կարող են նպաստել, որ խաղաղությունը լինի արդար և տևական»,–գրել է նա։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է արագ լուծել ուկրաինական հակամարտությունը, եթե հաղթի 2024-ի նախագահական ընտրություններում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախընտրական բանավեճում Թրամփը խոստացել է, որ վերընտրվելու դեպքում կկարողանա վերջ դնել հակամարտությունը նախքան իր պաշտոնը ստանձնելը 2025 թվականի հունվարի 20-ին։