20 հուլիսի 2024 - 17:08 AMT
ՀՀ-ն իր զորակցությունն է հայտնել Կիպրոսին՝ հիմնախնդրի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի առթիվ` իր զորակցությունն ու համերաշխությունը հայտնելով Կիպրոսի Հանրապետությանը։

«Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն սատարելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։

Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կղզու թուրքաբնակ հատված այցի ժամանակ ասել է, թե Կիպրոսի խնդիրը հնարավոր է լուծել «միայն երկու անկախ պետությունների ձևավորման միջոցով»։ Հյուսիսային Կիպրոսում թուրքական բանակի ներխուժման 50-ամյակին նվիրված տոնակատարություններ են կազմակերպվել։