Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հուլիսի 22-ին կայանալիք նիստի օրակարգային հարցերի շարքում են լինելու նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելուն և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությանն ուղղված հարցերը, հայտնում է Արմենպրեսը։
Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրվելիք օժանդակությունը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը նպաստելուն է միտված լինելու։ ԵՄ-ն կարևորում է արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանությունը, և այս օգնությունը շեշտը դնում է նմանատիպ նպատակային ծախսերի վրա։
Նախատեսված օգնությունը ոչ մի պարագայում չի ծառայելու մահաբեր զենք-զինամթերք գնելուն, և չի ենթադրելու ռազմական համատեղ զորավարժություններ, քանի որ ԵՄ-ն զինուժ չունի։
ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների նիստին նախատեսվում է նաև հաստատել Եվրահանձնաժողով-Հայաստան երկկոխության մեկնարկը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Երկխոսության մեկնարկից հետո այն վարելու հիմնական գործիքը կլինի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը կներկայացվի Հայաստանի իշխանություններին:
Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Հունիսի 26–ին հայտնի դարձավ, որ ԵՄ–ն լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանին ականազերծման համար։
Հայաստանի դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։