Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի տարածած այն պատաեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտարարել է, թե «սադրանքները Հայաստանին լավ բան չեն խոստանում»։
Նա հավելել է, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն «լիակատար առավելություն ունի ՀՀ hետ սահմանի ամբողջ երկայնքով», հայտնում է Report.az-ը։
«Վերջին ամիսներին կայուն իրավիճակ է եղել երկու երկրների սահմանին։ Աշխատանքներ են տարվում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ապրիլից սկսած մենք տեսնում ենք սահմանազատման աշխատանքների դրական արդյունքներ։
Եթե հայկական կողմը առաջընթաց է ցանկանում կարգավորման ու խաղաղության համաձայնագրի հարցերում, պետք է խուսափի սադրանքներից։ Ադրբեջանի զինված ուժերը սահմանի ամբողջ երկայնքով լիակատար առավելություն ունեն»,-ասել է Բայրամովը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը և հայտարարել, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 20-ին ժամը 22։10-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։