22 հուլիսի 2024 - 17:42 AMT
Դեսպանատուն․ Ամերիկացի քաղխորհրդատուն ՊՆ-ում խորհրդատվությունը կսկսի առաջիկա ամիսներին

ԱՄՆ պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն մտադիր է խորհրդատվական աջակցությունը սկսել առաջիկա ամիսներին։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով հարցին, թե կոնկերտ ե՞րբ է ԱՄՆ ներկայացուցիչն աշխատանքը սկսելու ՀՀ պաշտպանության նախարարությունում, հայտնում է «Ազատությունը»։

Դեսպանատնից պարզաբանել են, որ Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի կողմից։ Ֆինանսավորումն ապահովում է Պետքարտուղարությունը, և խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը։

«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն», - հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Անդրադառնալով այն հարցին, թե կոնկրետ որտե՞ղ է տեղակայվելու խորհրդատուն, արդյոք հենց պաշտպանության նախարարությունում՝ դեսպանատնից հայտնել են, որ խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ «կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ»:

«Խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- նշված է դեսպանատան գրավոր պատասխանում։

ԱՄՆ դեսպանատունը նաև ռազմական կցորդ ունի Հայաստանում։

ԱՄՆ փոխպետքարտուղար Ազրա Զեյան «Հետքին» տված հարցազրույցում ասել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։