23 հուլիսի 2024 - 10:59 AMT
Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունները

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԹ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում (IISS) փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկման ժամանակ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը, ձեռքբերումները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները և դրանց կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հիմնական ուղղությունները։

Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակն ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները: Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու հարատև խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը և դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և նախորդ տարվա նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ համագործակցության զարգացման հեռանկարներին։ ԵՄ հետ խորացող գործընկերության համատեքստում Միրզոյանը վկայակոչել է նույն օրը ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումները՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք համահունչ են ձևավորված արժեքահեն գործընկերությանը և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին։

Ընդգծելով տարածաշրջանային տնտեսական զարգացման հարցում կայուն խաղաղության ապահովման նշանակությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և միջազգային գործընկերների արձագանքը»:

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նաև տեղեկացրել էր, որ նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը:

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։