24 հուլիսի 2024 - 10:40 AMT
Եվրահանձնաժողովը սկսում է ՀՀ հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը

ԵՄ Խորհրդի հուլիսի 22–ի որոշումից հետո Եվրահանձնաժողովը երկխոսություն է սկսում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործընթացը կոչված է՝ աջակցելու Հայաստանին ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու իր երկարաժամկետ նպատակին։

Նշվում է նաև, որ երկխոսությունը կհանգեցնի բարեփոխումների կարևոր ոլորտներում, այդ թվում՝ ճամփորդական փաստաթղթերի անվտանգության, սահմանային վերահսկողության, միգրացիայի և ապաստանի, հասարակական կարգի, արտաքին հարաբերությունների և Հայաստանում հիմնարար իրավունքների ոլորտներում։ Հանձնաժողովը հետևողականորեն հետևելու է առաջընթացին նշված ոլորտներում՝ համագործակցելով Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի հետ։

Երկխոսությունն ընթանալու է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում, որը Խորհրդում քննարկումից հետո կներկայացվի Հայաստանի իշխանություններին:

Նշվում է, որ մուտքի արտոնագրերի ազատականացումն ավտոմատ գործընթաց չէ, այն քննարկվելու է միայն երկխոսության բարեհաջորղ ավարտից և VLAP–ի բոլոր պայմանները կատարելուց հետո։

Երկխոսության հաջող ավարտից հետո Հայաստանի քաղաքացիների համար ավելի դյուրին և պակաս ծախսատար կլինի կարճաժամկետ կացության համար (90 օրից պակաս յուրաքանչյուր 180 օրյա ժամկետում) Եվրոպա մեկնելը։ Նշվում է, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն օգտվում են ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման համաձայնագրի առավելություններից 2014–ի հունվարի 1-ից։

Հուլիսի 22–ին Եվրամիությունը հաստատել է Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հայաստանին աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։