Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ողջունել է Եվրոպական Խաղաղության հիմնադրամի շրջանակում ՀՀ–ին օգնություն տրամադրելու ԵՄ որոշումը` դա անվանելով լավ նորություն։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Այդ որոշումը նա անվանել է Ֆրանսիայի վաղեմի նախաձեռնության գագաթնակետը։
«Ուրախ եմ լավ նորության համար՝ Հայաստանը հասանելիություն կստանա ԵՄ Եվրոպական Խաղաղության հիմնադրամին։ Դա Ֆրանսիայի վաղեմի նախաձեռնության գագաթնակետն է, իմ շնորհավորանքը նախարար Ստեֆան Սեժուրնեին։ Ֆրանսիան Հայաստանի կողքին է»,–ասվում է գրառման մեջ։
Հուլիսի 22–ին Եվրամիությունը հաստատել է Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հայաստանին աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։