Հայաստանը դարձել է Հնդկաստանից սպառազինության ամենախոշոր գնորդներից մեկը։ Այդ մասին ասվում է հնդկական IADN (Հնդկաստանի օդատիեզերական պաշտպանության նորություններ) լրատվականի X-ի միկրոբլոգում, որտեղ հղում է արվում Հնդկաստանի ֆինանսների նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացված զեկույցը։
Նշվում է, որ Հայաստանը մոտ 600 մլն դոլարի զենք կգնի։
«Ըստ պաշտպանության նախարարության՝ 2024-2025 թվականների ֆինանսական տարում Հայաստանի կողմից Հնդկաստանից սպառազինության գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի»,–ասվում է գրառման մեջ։
2024-ի մարտին IADN–ն հայտնել էր, որ Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան` ռազմավարական նշանակության արտահանումների նպատակով: Նշվում էր, որ այդ նույն նպատակի համար HAL & CONCOR-ը համատեղ աշխատանքային խումբ է ստեղծել։
Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։ Նշվում էր նաև, որ մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։