Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։
ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։
Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեյին։
ԻԻՀ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների ղեկավարներին՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և հանդես եկել ելույթով։
Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեի և Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Փեզեշքիանն Իրանի նախագահ է ընտրվել հուլիսի 5–ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսը։ Նրա գլխավոր մրցակիցը պահպանողական թևին հարող Սայիդ Ջալիլին ստացել է մոտ 44 տոկոս։ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահվան պատճառով՝ նա զոհվել է ավիավթարում՝ Ադրբեջանից վերադառնալիս։
Հուլիսի 28–ին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պետք է հավանություն տա Փեզեշքիանի պաշտոնավարմանը։ Նախընտրական շրջանում Փեզեշքիանը խոստացել է վերջ դնել Իրանի «մեկուսացմանը» և կոչ է արել Արևմուտքի հետ կառուցողական բանակցությունների 2015–ի միջուկային գործարքը վերականգնելու համար, որով Իրանը համաձայնվել էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը արևմտյան պատժամիջոցների մեղմացման դիմաց։