31 հուլիսի 2024 - 11:02 AMT
Ռուբինյանը «լավ է» գնահատել սահմանին կայացած հանդիպումը, Քըլըչը՝ «կառուցողական»

Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հուլիսի 30–ին հանդիպմանը սահմանին, այն «լավ» է որակել։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Լավ հանդիպում ունեցա Քըլըչի հետ հայ–թուրքական սահմանին։ Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցրել վստահության ամրապնդման նոր միջոցները, այդ թվում՝ երկրների միջև երկաթուղային հաղորդակցության ապահովման տեխնիկական պահանջների գնահատումը»,–ասվում է գրառման մեջ։

Հանդիպմանն անդրադարձել է նաև թուրք ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ՝ այն գնահատելով «կառուցողական»: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ հանդիպման մի մասն անցել է հայկական կողմում, մյուսը՝ թուրքական:

«Հինգերորդ հանդիպումն անցկացրել ենք Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանամերձ հատվածում․ առավոտյան հայկական կողմում, օրվա երկրորդ կեսին՝ թուրքական։ Կառուցողական հունում քննարկել ենք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտներն ու հետագա առաջընթացի հնարավորությունները»,–ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: