14 մայիսի 2009 - 20:38 AMT
«Նաիրիտ գործարանում» զոհերի մասին հաղորդագրություններ դեռեւս չեն ստացվել
Այսօր ժամը 18:36 շտապ օգնության ծառայություն տեղեկատվություն է ստացվել «Նաիրիտ գործարանում» կատարված պայթյունի մասին, որի արդյունքում դեպքի վայր է ուղղվել «Շտապ օգնության» լիակատար պատրաստվածությամբ երկու բրիգադ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են «Շտապ օգնության» Քաղաքային ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից, զոհերի մասին հաղորդագրություններ դեռեւս չեն ստացվել: Անհրաժեշտության դեպքում օգնություն կուղարկվի, բացի դրանից աշխատանքին միացել են նաեւ Էրեբունու Բժշկական կենտրոնի «Շտապ օգնության» բրիգադները:

Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: Ներկա պահին գործարանի վերեւում ծխի հսկայական քուլաներ են երեւում: 15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ:

Նաիրիտից մինչեւ հիմա փոքր պայթյուններ են լսվում: Կրակն արդեն չի երեւում, բայց ծուխը շարունակում է նույն ինտենսիվությամբ դուրս գալ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել փրկարարների բրիգադը: Գործարանի շրջակա տարածքը փակ է տրանսպորտի երթեւեկության համար: Այլեւս կատարվածի ոչ մի մանրամասներ չի հաջողվում իմանալ: