1 օգոստոսի 2024 - 16:10 AMT
Բադասյան․ Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է՝ սպասարկելու 3-րդ երկրների քաղաքացիներին՝ քաղորոշում է պետք

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց»,- ասել է Բադասյանը, հայտնում է Արմենպրեսը։

Այն հարցին, թե երբվանի՞ց է անցակետը սպասարկելու այդ քաղաքացիներին, Բադասյանը պատասխանել է, որ քաղաքական որոշում է պետք։

«Չգիտեմ, քաղաքական որոշում պետք է լինի»,–ասել է նա։

Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսին պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո Հայաստանի կառավարությունը սկսեց Մարգարայի անցակետի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն ամբողջությամբ ավարտվել են։ Սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը, սակայն, մինչ օրս կյանքի չի կոչվել։