2 օգոստոսի 2024 - 13:22 AMT
ՊՆ․ ԱՄՆ-ից ստանում ենք խորհրդատվական աջակցություն

Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հայտարարությունը, թե ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի ՀՀ ՊՆ-ում։

Նշվում է, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և միջազգային այլ գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ, տեղեկացնում է Արմենպրեսը։

Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ պաշտպանության նախարարությունից չեն հայտնել՝ նշելով, որ ամերիկյան կողմն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ՝ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 18-ին «Հետք»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։