ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ յոթնյակի (G7) ԱԳ նախարարներին հայտնել է, որ Իրանը և «Հեզբոլլահ» շարժումը կարող են հարվածներ հասցնել Իսրայելին առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է Axios հարթակն իր աղբյորների վրա հղումով։
Ըստ աղբյուրների՝ Բլինքենը հեռախոսազրույց է նախաձեռնել G7-ի գործընկերների հետ, որպեսզի նրանք փորձեն դիվանագիտական ճնշում գործադրել Իրանի և «Հեզբոլլահի» վրա՝ նվազագույնի հասցնելու համար նրանց հարվածի ուժը։ Նա ընդգծել է, որ հարվածի հնարավոր մեղմացումը թույլ կտա խուսափել լայնածավալ պատերազմից տարածաշրջանում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հարվածը սպասվում է ի պատասխան ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի անդամ Իսմայիլ Հանիայի սպանության, որը կատարվել է Թեհրանում՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը։ Դրան նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանությունը։
Ըստ աղբյուրների՝ Բլինքենը համոզված է, որ Իրանը և «Հեզբոլլահը» հարվածելու են հրեական պետությանը, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ քայլը։ Նա նշել է, որ ԱՄՆ–ն փորձում է հնարավորինս սահմանափակել այս հարձակումը, իսկ հետո մեղմացնել Իսրայելի հնարավոր պատասխանը։
Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել G7-ի ԱԳ նախարարների հետ՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից։