5 օգոստոսի 2024 - 13:59 AMT
ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» հերթական զորավարժությանը

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» հերթական զորավարժությանը, որը Ռոսգվարդիայի ղեկավարությամբ անցնելու է օգոստոսի 14-16–ը Նովոսիբիրսկում։

«Օգոստոսի 14-ին Ռուսաստանի Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ղեկավարությամբ Նովոսիբիրսկի շրջանում, գերատեսչության ուսումնական կենտրոնի բազայի վրա, տեղի կունենա «Կոբալտ-2024» զորավարժությունների բացումը, որին կմասնակցեն հրամանատարության և ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վերահսկման ստորաբաժանումները և հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 16-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Միջոցառմանը կմասնակցեն դրանցով հետաքրքրված երկրների՝ ՌԴ–ի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։

Երեք օր զորավարժությունների մասնակիցները փորձի փոխանակում կկատարեն և կբարելավեն հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունները։

Վերջին շրջանում Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և այլ միջոցառումներին, ինչպես նաև չի ֆինանսավորում կառույցը։

Արարատ Միրզոյանը հունիսի 12–ին ԱԺ–ում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ–ից։ Փաշինյանը նույն օրը խորհրդարանում ակնարկել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից՝ ասելով, թե նախկին իշխանությունները մտել էին «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պատերազմ է պլանավորում է Հայաստանի դեմ։

«Վարչապետն ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- ասել էր Միրզոյանը։