Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին։ Այդ մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։
ԱԱԾ-ից մերժել են տեղեկության տրամադրումը թվաքանակի մասին՝ պնդելով, որ դա պետական գաղտնիք է, իսկ ծառայությունը շարունակելու վերաբերյալ հակիրճ նշել են. «Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում»:
Օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնում են միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը: Իսկ որ այնտեղից դուրս եկած ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ավելի վաղ հայտարարել էր նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։