Կառավարությունը չզեկուցվող հարցով որոշել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան 87/3 հասցեում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 4500 քմ մակերեսով հողամասն առանց մրցույթի 3 տարով վարձակալության իրավունքով տրամադրել Հանրային հեռուստաընկերությանը:
Նախնական բանակցությունների արդյունքում նախատեսվում է վարձակալության գումարը սահմանել 1 մլն 723 հազար դրամ: Սահմանվել է նաև, որ կնքվող վարձակալության պայմանագրում նախատեսվի հնարավորություն՝ անհրաժեշտ հողամասը չինական կողմին տրամադրելու վերաբերյալ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» 8-րդ տաղավարի ստեղծման պայմանագրով պարտավորվում է, նախքան նախագծի մեկնարկը, չինական կողմին տրամադրել օթևան ու տարածք՝ ավազների ու խճերի, շինարական մեքենաների ու հարակից սարքավորումների համար, ապահովել նախագծի տեղանքին մոտ շինարարության ընթացքում պահանջված մեքենաների ու սարքավորումների պահեստավորում։
«Կողմերի միջև տեղի ունեցած քննարկումների, ինչպես նաև կատարված տեղանքի ուսումնասիրության արդյունքում ընտրվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան 87/3 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 4500.0 քմ մակերեսով հողամասը, որն առավել հարմար է շինհրապարակի մոտ համապատասխան կոմունիկացիաներն ապահովելու, մասնավորապես, շինարարության ողջ ընթացքում անձնակազմի համար օթևանի տրամադրման համար»,- ասված է կառավարության որոշման մեջ, մեջբերում է Factor.am-ը։