30 օգոստոսի 2024 - 12:14 AMT
Սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը․ Դրան կնախորդի Մյուռոնօրհնեքը

Սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը, դրան կնախորդի Մյուռոնօրհնության արարողությունը։ Այդ մասին որոշում է կայացվել Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի հերթական նիստում, որը նախագահել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Համակարգող հանձնախմբի կողմից կազմվել է արարողությունների ծրագիրը, ըստ որի՝ հիմնական արարողությունները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.

1. Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, Մյուռոնօրհնության արարողություն Սուրբ Տրդատի բաց խորանում։

2. Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Մայր Տաճարի վերաօծման արարողություն:

Հիմնական միջոցառումները լայնորեն կլուսաբանվեն թե՛ տեղական և թե՛ միջազգային լրատվամիջոցների կողմից: Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի արարողությունները հեռարձակվելու են ուղիղ եթերով, հայտնում է Մայր Աթոռը։

Հիշյալ արարողությունների աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով Նորին Սրբության տնօրինությամբ դեռևս 2023–ին ստեղծվել է Համակարգող հանձնախումբ, որն ատենապետում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Համակարգող հանձնախմբի շրջանակներում գործում է 5 ենթահանձնախումբ` Արարողակարգային, Ծիսական, Տեղեկատվական, Տեխնիկական ապահովման, Հրատարակությունների և միջոցառումների կազմակերպման, որոնք նախապես կազմված գործողությունների ծրագրով իրականացնում են սեպտեմբերյան միջոցառումների համապատասխան կազմակերպչական աշխատանքները: