30 օգոստոսի 2024 - 12:28 AMT
Ստորագրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը

Օգոստոսի 30–ին ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, հայտնում է ԱԳՆ–ն։

Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։

Նշվում է, որ 2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը պետք է տեղի ունենար հուլիսի 1–ին, սակայն դա տեղի չունեցավ, թեև ՀՀ–ն Ադրբեջանին հանձնեց 4 գյուղ։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը։