Օգոստոսի 30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4300 արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիության համար, մոտ 3000-ն արդեն ստացել է։ Այդ մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Հայաստանի նախագահի հրամանագրերով նրանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել. անչափահասները չեն դիմելու քաղաքացիություն ստանալու, որովհետև ծնողների անձնագրի փոփոխությամբ է հետագա գործընթացը պայմանավորված։
«Ինչ վերաբերում է դյուրացված կարգին, արդեն իսկ այն գործում է: «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված է 90 աշխատանային օր: Մոտավորապես 4 ամիս գործում է ստանդարտի պարագայում, իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պարագայում հիմնականում գործընթացը միջինում տևում է 2 ամիս»,– ասել է Ղազարյանը:
Նշվել է, որ բոլոր տարածքային ստորաբաժանումները մարզերում ընդունում են քաղաքացիության դիմումներ և դա արագացնում է գործընթացը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։