10 սեպտեմբերի 2024 - 14:13 AMT
Փաշինյան. Որևէ գործընկեր չի կարող մեղադրել ՀՀ-ին եռակողմ փաստաթղթի որևէ կետ չկատարելու մեջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ որևէ գործընկեր որևէ հիմք չունի մեղադրելու Հայաստանին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթ չիրականացնելու մեջ։

«Իսկ ինչպես տեսնում եք, ՀՀ-ն և ցանկացած անկախ ու օբյեկտիվ դիտորդ ունի հիմքեր ասելու, որ եռակողմ հայտարարության մեր մյուս գործընկերները չեն իրականացրել առնվազն ամբողջությամբ իրենց պարտավորությունները»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Վարչապետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաճախ վերագրվում են այնպիսի կետեր և դրույթներ, որոնք իրականանում այնտեղ չկան։

Օրինակ, հայտարարության 9-րդ կետը փորձ է արվում ներկայացնել, թե իբր Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապն ապահովելու մասին է։ Մինչդեռ ըստ այդ դրույթի՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

«Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ 9-րդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ մեկ այլ թյուրըմբռնում կապված է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և անվտանգության ապահովման հետ, մասնավորապես այն հարցի, թե ով պետք է լինի անվտանգության երաշխավորը։

«ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու նպատակով»,- մեջբերում է արել հայտարարությունից Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ այստեղ խոսք չկա այն մասին, որ հաղորդակցության անվտանգությունը կարող է երաշխավորվել երրորդ ուժերի կողմից (9-րդ կետի վերջում ասվում է, որ «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները» - խմբ)։ Ըստ նրա՝ այլ կերպ չէր էլ կարող լինել, որ ինքնիշխան երկրի տարածքում այլ երկիր երաշխավորեր անվտանգությունը։

Այսպիսով, ըստ Փաշինյանի, ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը լիարժեք տեղավորվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության և Հարավային Կովկասում տևական ու կայուն խաղաղություն հաստատելու տրամաբանության մեջ։

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։ ՀՀ–ում Իրանի դեսպանը նշել է, որ լսել է մասնավոր ընկերության մասին, բայց հավելել է, որ իր տեղեկություններով՝ խոսքն անվտանգության ապահովման մասին չէ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատել էր, որ խոսվում է ճանապարհի վերահսկողությանը մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց հավելել էր, որ մանրամասները դեռ հայտնի չեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը։