14 սեպտեմբերի 2024 - 10:59 AMT
ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահվան դեպքերը հասել են 4–ի

Սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 20 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է 128 դեպք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան դեպքերը մեկ շաբաթում ավելացել են 1–ով, ընդհանուր առմամբ՝ հասնելով 4–ի։

Հիվանդության համար հատուկ պատվաստանյութ և հատուկ դեղամիջոց չկա։ Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի բարելավմանը: Դեպքերի 80 տոկոսում հիվանդությունը ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Ծանր դեպքերն ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով և կազմում են մոտ 1 տոկոս։

Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից: Հիվանդացության առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում: